ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր աշխատաշուկան պայմանագրով սահմանված մակարդակից իրացվել է 70%–ով։ Այս մասին «Ռուսաստանի որակավորման ազգային համակարգ» 9-րդ համառուսաստանյան համաժողովի շրջանակում ասաց ԵՏՀ կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։
Նրա խոսքով` ապրանքների շուկան իրացվել է 65 %–ով, ծառայությունները` 45%–ով, իսկ կապիտալը` մոտ 40%–ով։
Նա կոչ է արել միավորել աշխատուժի որակավորման համակարգերը։
Ինչպես նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը, ԵԱՏՄ–ում աշխատանքի ընդհանուր շուկայի ձևավորումը ԵԱՏՄ–ի 4 առանցքային սկզբունքներից մեկի` աշխատանքային ռեսուրսների շարժման ազատության իրականացումն է:
«ԵԱՏՄ քաղաքացիների համար հանվել են աշխատաշուկա մուտք գործելու սահմանափակումները, նրանք ազատված են 30 օրվա ընթացքում պարտադիր գրանցումից, փոխադարձաբար ճանաչվում են կրթության մասին փաստաթղթերը»,– ասել է Մյասնիկովիչը։
Նա արձանագրել է, որ այսօր ԵԱՏՄ երկրներում մասնագիտական ստանդարտների ձևավորման և որակավորման անկախ գնահատման համակարգերն ինքնուրույն են զարգանում։
ԵՏՀ կոլեգիայի ղեկավարի խոսքով` իրավիճակը խորանում է, մասնագետների պատրաստման պայմաններում անհամապատասխանություններն աճում են, և եթե խնդիրը բարձր մակարդակով չլուծվի, կարող են լուրջ խնդիրներ ունենալ։ Մյասնիկովիչը վստահ է` նման բան թույլ տալ չի կարելի։
Մյասնիկովիչը նաև անդրադարձել է համավարակի ընթացքում թվային տնտեսության զարգացման պայմաններում ԵԱՏՄ–ում զբաղվածության նոր ձևերին` ինքնազբաղվածություն, ֆրիլանս, ԵԱՏՄ մի անդամ պետությունից մեկ այլ անդամ պետությունում գործատուի կողմից աշխատողի հեռակա վարձում` առանց ներկայացուցչություն բացելու։