Արարատ Միրզոյանը Երևան–Բաքու հարաբերությունները քննարկել է Ֆրանսիայի պետնախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ
Միրզոյանն ու Բունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱն, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը քննարկել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակում։
«Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացն առաջ տանելու հնարավորությունն օգտագործելու նպատակով Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել երկկողմ համաձայնագրի նախագծի առաջարկությունների փաթեթը»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք` Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նախարարն այնտեղ կլինի մինչև դեկտեմբերի 1-ը։
Արարատ Միրզոյանը Բլինկենի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը