ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի անդամներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Լիտվացի պատգամավորները, որոնք եռօրյա այցով գտնվում են ՀՀ–ում, ԱԺ Հայաստան–Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պատգամավորներին դիմավորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները:
Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ
© Photo : official site of the Parliament of RA
Նրանք լիտվացի պատգամավորներին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածներում տիրող իրավիճակը:
Դիտորդները հյուրերին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ–ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը: Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների պատճառով:
Հիշեցնենք` Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թ. փետրվարի 20–ին: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել և զեկուցել զարգացումները Հայաստան–Ադրբեջան սահմանամերձ շրջաններում: