ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։
Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախագիծն ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափելուն:
Նշենք, որ Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Աբովյան պուրակի, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցներով ներփակված տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցները և հրապարակները։
Երևան քաղաքի «Ա» գոտի
1ժամվա համար` 300 դրամ (մինչև 15 րոպե անվճար)
Յուրաքանչյուր 1 օրվա համար` 2000 դրամ
1 շաբաթվա համար` 5000 դրամ
1 ամսվա համար` 18000 դրամ
1 տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) 160000 դրամ:
Երևան քաղաքի «Բ» գոտի
Յուրաքանչյուր 1 օրվա համար` 1000 դրամ
1 շաբաթվա համար` 2000 դրամ
1ամսվա համար` 4000 դրամ
1 տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 24000 դրամ:
Նշվում է, որ բացառություն կկազմեն բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքները։
Դեկտեմբերի 1-ին` ժամը 15.00-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան նախագծի հանրային բաց լսումներ:
Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։