Բլինկենը մտադիր է Իսրայելում քննարկել հրադադարի երկարաձգման հարցը

Էնթոնի Բլինկեն
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնն ամենօրյա ռեժիմով աշխատում է պայմանավորվածությունը երկարաձգելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր է նոյեմբերի 30–ին քննարկել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի երկարաձգման հարցը: Նա այդ մասին ասել է Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ։
Բլինկենի խոսքով` հրադադարի շարունակությունը նշանակում է, որ ավելի շատ պատանդներ կվերադառնան տուն, ավելի շատ օգնություն կհասցվի Գազա:
«Պարզ է, որ մենք դա ենք ուզում։ Կարծում եմ՝ Իսրայելն էլ է դա ուզում։ Նրանք ջանքեր են գործադրում, որ իրենց համաքաղաքացիներին տուն վերադարձնեն: Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում ամեն օր: Պատրաստվում եմ այդ հարցը բարձրացնել վաղը, երբ Իսրայելում հանդիպեմ տեղի ղեկավարության հետ»,– ասել է նա։
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ–ն Իսրայելի հետ կքննարկի, թե ինչպես կարող է խուսափել այնպիսի հարձակումներից, ինչպիսիք եղան հոկտեմբերի 7–ին՝ միաժամանակ ավելացնելով մարդասիրական օգնությունը և նվազագույնի հասցնելով հետագա տառապանքներն ու զոհերը խաղաղ պաղեստինյան բնակչության շրջանում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։