ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. «Միկա» մարզադահլիճում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի աշխարհի առաջնությունում այսօր որոշ քաշային կարգերում կայացած քառորդ եզրափակիչ հանդիպումներից հետո Հայաստանը ներկայացնող 5 բռնցքամարտիկներից 4-ը անցան կիսաեզրափակիչ և առնվազն բրոնզե մեդալ ապահովեցին։
Հեղինե Պետրոսյանի հաղթական մենամարտից հետո գեղեցիկ հաղթանակ տոնեց Առնո Դարչինյանը(48կգ), որը բոլոր ռաունդներում պարտության մատնեց էկվադորցի Զայիր Բոնիլային։
Քառորդ եզրափակիչում գերազանց մենամարտ անցկացրեց 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, որի մրցակիցը Զիմբաբվեի ներկայացուցիչ Կրեյն Մոյոն էր: Ամբողջ մենամարտի ընթացքում Հովսեփյանի առավելությունն ակնհայտ էր։ Հաղթելով մրցակցին` Տիգրանը երրորդ մեդալն ապահովեց մեր հավաքականի համար։
Քառորդ եզրափակիչում ամենատպավորիչ հաղթանակը տոնեց Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ քաշային կարգ), որը երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթեց բելառուսցի Վլադիսլավ Կաուրովին։
Հայաստանի հավաքականը կիսաեզրափակիչում կարող է է՛լ ավելի շատ բռնցքամարտիկներ ունենալ, մեր հավաքականը դեռևս ներկայացուցիչներ ունի քառորդ եզրափակիչում։
Հիշեցնենք` բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության բացման արարողությունը կայացավ նոյեմբերի 23-ին։ Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 4-ին։