ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ-Ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ հարցաքննված տնօրենների մեջ եղել են նաև նախկին պաշտոնյաների կանայք։ Օրաթերթի տեղեկություններով՝ քննությունը ցույց կտա՝ նրանք կկալանավորվեն առաջիկայում, թե ոչ։
Հիշեցնենք, նոյեմբերի 27-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ 5 անձ կալանավորվել է տարբեր մանկապարտեզներում սնունդ մատակարարելիս առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։
Պարզվել է, որ պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈւՆՔ» և «ՖՈՏՈՆ» ՍՊԸ–ների սեփականատերերը 7 անձի, այդ թվում` ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձանց հետ կեղծ փաստաթղթեր են կազմել։
2023 թ. փետրվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում փոխանցման եղանակով նրանք ստացել և խաբեությամբ հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ: