Լուրեր

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք․
Sputnik
▪️ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այց է կատարել Հյուսիսային Մակեդոնիա։ Միրզոյանը Սկոպյեում կմասնակցի ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի 30-րդ համաժողովին։
▪️ Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ քննարկել է տարածաշրջանում ընթացող զարգացումներն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության հասնելու կարևորության հարցը։ Գրիգորյանն ու Պապուաշվիլին անդրադարձել են նաև «Միջին միջանցքի» աճող նշանակությանն ու տնտեսությունների դիվերսիֆիկացման հնարավորություններին:
▪️ Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Դրանց արդյունքում ՀՀ ՊՆ-ի պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ ՊՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Մորգանը ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թվականների ծրագիրը։
▪️ Վաղը հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի և Ղազախի հատվածում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համանախագահներ, երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։
▪️ Անկարայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
▪️ Դատախազը նոյեմբերի 29-ին հաստատել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության: Ավելի վաղ, դատախազի որոշմամբ Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու, այն է՝ փողերի լվացման հոդվածի հատկանիշներով:
▪️ Սամվել Բաբայանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, որի ձևավորման փուլում Բաբայանն ընդգրկված էր հանձնաժողովի կազմում որպես խորհրդատու, սակայն, մեկ նիստի մասնակցելուց հետո հրաժարվել էր այդ գործառույթից։
▪️ Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում «Ա» գոտում, կարմիր գծերի վարձավճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։
▪️ Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները ԵՏՀ շրջանակում կքննարկեն հայկական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավիճակը՝ անդրադառնալով Հայաստանից ՌԴ արտանհանվող ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերի հետ կապված «Ռոսսելխոզնադզորի» մտահոգություններին, Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
▪️ Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ԵԱՏՄ-ում մնալը չի խանգարում Հայաստանին Եվրոպական միության երկրների հետ առևտուր անելու, արտահանումներ իրականացնելու համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանը ընդգծել է, որ Հայաստանը Եվրամիության երկրներ էլ կարող է շատ ապրանքներ արտահանել և արտահանում է։
▪️ Նախիջևանում անցկացվել են ադրբեջանական զինուժի հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Ըստ մարտական առաջադրանքի՝ զինվորականները կատարել են պայմանական հակառակորդի տեղակայման հատվածի վրա հարձակվելու խնդիրը։ Հիմնական շեշտը դրվել է գերիշխող բարձունքների գրավման վրա, որոնցից երևում են հակառակորդի ռեզերվների մոտեցման ապահովման ուղիները և ուղղությունները։
Լուրերի մեկնաբան՝ Հովհաննես Շողիկյան
Sputnik Արմենիա, 106․0FM