ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ նախաձեռնված քրեական գործը քննվելու է Սյունիքի մարզում։ Այս մասին նշված է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում։ Գործը քննվելու է Սիսիանի դատարանում և մակագրված է դատավոր Գարիկ Աբելյանին։
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը 2020թ․հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունները կատարել է անբարեխիղճ և անփույթ ձևով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։
Ջալալ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։ Նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ հանրային քրեական նոր հետապնդում է հարուցվել։