Իրանն ուզում է հասկանալ` Հայաստանն ինչպես է ընկալում իր տարածաշրջանային քաղաքականությունը

ԻԻՀ-ում մեծ թվով վերլուծական կենտրոնների ուշադրությունը սևեռված է հայ-իրանական հարաբերությունների հարցերի վրա, նշել է խորհրդարանականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայ-իրանական հարաբերությունները որակապես փոխվել են Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո։ Թեհրանի համար չափազանց կարևոր է իմանալ, թե ինչպես են Հայաստանում տեսնում Իրանի հետ հարաբերությունների ապագան, ինչպես են ընկալում Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Այս մասին Երևանում տարածաշրջանային անվտանգությանը նվիրված գիտաժողովում հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Հայազգի պատգամավորը կարծում է, որ տարածաշրջանային հավասարակշռության հետպատերազմյան փոփոխությունը և նոր մարտահրավերների ի հայտ գալը Երևանին և Թեհրանին ստիպել են ընդլայնել հարաբերությունները, այդ թվում`անվտանգության ոլորտում: Խորհրդարանականն ընդգծել է, որ Իրանը մեծ մտահոգությամբ է նայում տարածաշրջանային գործերում երրորդ ուժերի և խաղացողների ներգրավմանը` դա դիտարկելով որպես մարտահրավեր իր համար և համոզված լինելով, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից:
Քաղաքական գործիչը միաժամանակ արձանագրում է, որ Իրանի փորձագիտական շրջանակները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների և գործընթացների նկատմամբ: Այս տարածաշրջանի, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունների հարցերի վրա է սևեռված Իսլամական Հանրապետությունում մեծ թվով վերլուծական կենտրոնների ուշադրությունը:
Պատգամավորը կարևոր է համարում երկու երկրների «ուղեղային կենտրոնների» և պետական կառույցների միջև ակտիվ փոխգործակցությունը, դիրքորոշումների պարբերական համաձայնեցումը։
Իրանը շարունակում է պնդել, որ Կովկասի խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով. դիվանագետ
Ավելի վաղ ԻԻՀ արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանն ընդունել էր Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններին: Հանդիպման ժամանակ իրանական դիվանագիտության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել էր նախարարության կենտրոնացվածությունը Հարավային Կովկասում առանց արտաքին միջամտության ամուր խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի և Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա` բարիդրացիության քաղաքականությանը համապատասխան։