ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ՀԱՄԱՍ շարժումը մարդասիրական հրադադարի երկու լրացուցիչ օրվա ընթացքում ազատ կարձակի իր կողմից գերեվարված 20 իսրայելցի պատանդների: Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին։
«Հաստատում կա, որ զինադադարի երկու լրացուցիչ օրերի ընթացքում ազատ կարձակվի 20 իսրայելցի պատանդ, նրանց ցուցակը, ովքեր երեքշաբթի ազատ կարձակվեն, փոխանցվել է հակամարտության կողմերին։ Թե ինչ թվով պատանդներ են շարունակում մնալ Գազայի հատվածում, տեղեկություն չունենք»,-ասել է ալ Անսարին։
Նա նշել է, որ հրադադարի անցած չորս օրվա ընթացքում Գազայի հատվածից ազատ է արձակվել 69 մարդ, այդ թվում 50 իսրայելցի պատանդ՝ փոխանակման շուրջ պայմանավորվածության շրջանակներում, ինչպես նաև 150 պաղեստինցի բանտարկյալ՝ իսրայելական բանտերից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել։
Ավելի ուշ հումանիտար հրադադարը երկու օրով երկարաձգելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, և նոյեմբերի 24-ին սկսված հրադադարը կշարունակվի մինչև հինգշաբթի՝ նոյեմբերի 30-ը: