ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում տեղի ունեցավ «Մեկը 5000-ից» ակումբի պաշտոնական մեկնարկը։ Ակումբը ստեղծվել է, որպեսզի համախմբի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են կատարել կանոնավոր արյունատվություն՝ կյանքեր փրկելու համար նվիրաբերելով սեփական արյունը տարեկան 2-4 անգամ։ Ակումբի մեկնարկն ազդարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, որն էլ դարձավ առաջին անվարձահատույց դոնորը։
Մարտին Գալստյան
© Sputnik / Aram Nersesyan
«Անվարձահատույց դոնորությունը միշտ է եղել, ուղղակի տոկոսային հարաբերությամբ միշտ զիջել է վճարովի դոնորությանը։ Մոտ մեկ–երկու ամսվա ընթացքում ունեցանք աննախադեպ մի բան` անվճար և վճարովի դոնորությունները դարձան համապատասխանաբան 40 և 60%։ Դա հիմնականում արտագնա արյունատվության շնորհիվ եղավ։ Ես շատ կուզեմ, որ այդ 40%–ը դառնա 50%։ Բնակչության համար դա շատ լավ կլինի»,–ասաց կենտրոնի ղեկավար Սամվել Դանելյանը։
Սամվել Դանելյան
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` այժմ մշակվում է նոր ծրագիր, որ հիվանդի հարազատն այլևս չզբաղվի արյուն հայթայթելով։ Ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, դա պետք է լինի այն հիվանդանոցի խնդիրը, որտեղ պետք է իրականացվի արյան փոխներարկումը։
Դանելյանը նշեց` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան դոնորների պահանջը գնալով մեծանում է, բայց արյուն հանձնողների թիվը` կրճատվում, ուստի պետք է միջոցներ ձեռնարկել։
«Պատերազմի օրերին մեր բակում տեղ չկար, բոլորն անվարձահատույց արյուն էին հանձնում, սակայն մեծ քանակությամբ արյուն վերցնելու դեպքում դրա պահպանման հետ կապված ևս խնդիրներ են առաջանում։ Որպեսզի արյունը չխոտանվի, պետք է դոնորների հստակ ցուցակ ունենաք, որոնք ժամանակ առ ժամանակ արյուն կհանձնեն»,–ասաց նա։
Դանիելյանի խոսքով` իրենք հսկայական ծախսեր են կատարում, մի շարք հետազոտություններ անում, որպեսզի արյունն անվտանգ լինի։
«Երբեմն մարդիկ մեզ մեղադրում են, որ իրենք անվարձահատւյց հանձնում են, մենք վաճառում ենք։ Այո՛, որովհետև գնալով արյան գինը թանկանում է, երբ ձգտում ենք անվտանգության ժամանակակից մեթոդներին։ Հայաստանի դոնորական արյունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին»,– ընդգծեց Դանիելյանը։
Շատ մարդիկ կան, որոնք կարող են դոնոր դառնալ, բայց վախենում են արյուն հանձնելուց, քանի որ խուսափում են տարատեսակ վարակներից։ Կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ իրենց մոտ արյուն հաանձնելն անվտանգ է, քանի որ ամեն ինչ մեկանգամյա օգտագործման է։
Դոնոր դառնալու մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։