Մանվել Գրիգորյանն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել. դատարանը հրապարակել է վճիռը

Մանվել Գրիգորյան
Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ 101 մլն 200 հազար դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ, մինչև դատավճռի կատարումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը և նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է նրանց գործով վճիռը։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։
«Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մանվել Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, 8 ավտոմեքենա։ Բացի այդ, «Զինվորի բաժին» մակնշմամբ շուրջ 8 հազարի հասնող մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ–ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ 101 մլն 200 հազար դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ, մինչև դատավճռի կատարումը:
Նշվում է, որ գործով տուժողի իրավահաջորդ Հայկ Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։
Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գեներալ–լեյտենանտը մահացավ 2020 թվականի նոյեմբերի 19-ին:
2023 թ. հուլիսի 27–ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ անշարժ գույք ու գումար բռնագանձել։