Հպարտանում ենք, որ այստեղ է ծնվել. Թբիլիսիում Արամ Խաչատրյանի պատվին հուշատախտակ է բացվել

Այս օրը հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության ևս մեկ խորհրդանիշն է, կարծում է քաղաքի սաքրեբուլոյի ղեկավարը:
Sputnik
Այսօր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է տեղադրվել Թբիլիսիում: Մասնակցել են պատգամավորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
Հուշատախտակը տեղադրվել է այն շենքում, որտեղ ծնվել և ապրել է մեծ կոմպոզիտորը։ Դրա վրա գրված է. «Այս տանը 1905-1922 թվականներին ապրել է մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը»։
Թբիլիսիի սաքրեբուլոյի (ներկայացուցչական մարմին քաղաքապետարանում –խմբ.) ղեկավար Գեորգի Տկեմալաձեն նշել է, որ շենքը, որտեղ ապրել է մեծ կոմպոզիտորը, պատմամշակութային ժառանգության կարգավիճակ է ստացել:
«Այս օրը հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության ևս մեկ խորհրդանիշն է։ Արամ Խաչատրյանը հանճարեղ կոմպոզիտոր է, մանկավարժ և դիրիժոր։ Մենք հպարտ ենք, որ նա ծնվել է Թբիլիսիում։ Ողջ կյանքի ընթացքում նրան ուղեկցել է առանձնահատուկ սերն այս քաղաքի հանդեպ և նրա հետ կապված հատուկ հիշողությունները»,-ասել է Տկեմալաձեն։
Հիշեցնենք, որ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թբիլիսիում, հայկական ընտանիքում: Իլյա Խաչատրյանի և Կումաշ Սարկիսովնայի չորրորդ որդին է եղել։