ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ 2024 թվականին իրականացվելիք միջոցառումները և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական կանխատեսումները այժմ քննարկման փուլում են, բայց 10 մլրդ դրամը չի բավականացնի աջակցության ծրագրերին: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության համար 2024 թվականի բյուջեում նախնական 10 մլրդ դրամ է նախատեսված։
«10 մլրդ դրամը 2024 թվականին ամբողջությամբ ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի իրականացմանը»,– հայտնում է նախարարությունը:
Միաժամանակ գերատեսչությունը վստահեցնում է, որ շարունակելու է իրականացնել սոցիալական աջակցության այլ ծրագրեր ևս, որոնք կպահանջեն հավելյալ ֆինանսական միջոցներ։
«2023-ին կիրականացվի և 2024-ին կշարունակվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների, նպաստների նշանակումն ու վճարումը։ Այս աշխատանքներում ԱՍՀ նախարարությունը համագործակցում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ»,– նշված է պատասխանում։
Բացի այդ, նոյեմբերի 17-ին, ի լրումն 2024թ. պետական բյուջեի պլանավորման համար ներկայացված բյուջետային հայտերի՝ ներկայացվել է լրացուցիչ հայտ, որը ևս նախատեսվում է ուղղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալական աջակցության ծրագրերին:
Թեմայի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս գրավոր պարզաբանում է ներկայացրել Sputnik Արմենիային։
Ընդգծվում է, որ ՀՀ բյուջեով նախորդ տարիներին նախատեսված ֆինանսական միջոցները (130-140 մլրդ դրամը), որոնք այլևս չեն ուղղվելու Արցախի կառավարությանը որպես ֆինանսավորում, ուղղվելու են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության խնդիրների լուծմանը:
Հարցին, թե արդյոք բացի 10 մլրդ դրամից, տեղահանվածներին տրամադրվող բյուջեում կներառվեն դրսի դոնոր կազմակերպությունների կողմից նախատեսված գումարները և վարկերը, ՀՀ ֆինանսների նախարարությունը դրական պատասխան է տվել։
Գերատեսչությունը նշել է, որ միջազգային կառույցների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ֆինանսական աջակցության գումարները, գործող օրենսդրության կարգավորումների համաձայն, կներառվեն 2024 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում: