Եվրոպական փաստահավաք առաքելությունն արդեն Հայաստանում է

ՀՀ ԱԳ փոխնախարարն ակնկալում է արդյունքների վրա հիմնված քննարկումներ տարբեր ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԱԵԾ) համատեղ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է։ ՏեղեկությունըTwitter-ում հայտնում է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԱԵԾ) համատեղ փաստահավաք առաքելության անդամների հետ
«Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը` ուղղված Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,– գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 20–ին Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Կարգավիճակի մասին համաձայնագիրը, ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, օգնելու է ավելի իրավական որոշակիություն մտցնել, երբ խոսքը վերաբերում է երկրում առաքելության ներկայության տարբեր իրավունքների, պարտավորությունների կարգավորմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելություն այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները, կազդարարվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։