Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են 20 վճարային տերմինալներ

Արխիվային լուսանկար
Առաջիկա 10 օրվա ընթացքում մետրոպոլիտենը կհամալրվի մեկ շարժակազմով` երեք վագոններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են մոտ 20 վճարային տերմինալներ ( վալիդատորներ)։ Այս մասին այսօր` Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ. Բաբկեն Սեդրակյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում մետրոպոլիտենը կհամալրվի մեկ շարժակազմով` երեք վագոններով։
«Երկու շարժակազմ էլ 3–ական վագոններով առաջիկա ամիսներին գիծ դուրս կգա։ Արդյունքում 3 ամսվա ընթացքում կունենանք երեք նոր շարժակազմ»,–ասաց Սեդրակյանը։
Հավելենք, որ անցած շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 565 հազար 746 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ:
Հիշեցնենք, որ ներկայումս քաղաքային իշխանությունները աշխատանքներ են տանում միասնական վճարային համակարգի ներդրման ուղղությամբ: Այն թույլ կտա քաղաքացիներին Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը վճարել 4 եղանակով։