Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմը ցանկանում է հանդիպել Ֆրանսիայի դեսպանի հետ

Արմեն Աշոտյան
Նշվում է, որ Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելն իր պատճառն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Ռուբեն Մելիքյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ է փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։
Այս մասին տեղեկանում ենք Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։
«Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար կլինեն՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին»,-գրել է Ռուբեն Մելիքյանը։
Նշվում է, որ Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելու մտադրությունը, ի թիվս այլոց, պայմանավորված է այն փաստով, որ 2015 թվականին Արմեն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի կողմից արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Ակադեմիական արմավենու շքանշանին։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: