Ապացույցները ճանաչել անթույլատրելի. Ծառուկյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին

Գագիկ Ծառուկյան
Նախորդ նիստում քննարկվել էր Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատավորը մերժել էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց քրեական վարույթով ստացված բոլոր ապացույցները ճանաչել անթույլատրելի։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր շարունակվում է Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել նախկին ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։
Ըստ պաշտպանների` քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել «Երևանշին» ընկերությունում հայտնաբերված փաստաթղթերը, որոնք, ըստ վարույթն իրականացնող մարմնի, տվյալներ են պարունակել 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ձայները ենթադրաբար գնելու, այլ խոսքով` ընտրակաշառքի մասին, բայց այդ փաստաթղթերն իրականում եղել են ընտրական ծախսերի վերաբերյալ։
Դատավորը որոշում կայացրեց, որ նյութերի ուսումնասիրման համար լրացուցիչ ժամանակ է պետք, և ընդմիջում հայտարարեց։
Հիշեցնենք` նախորդ նիստի ժամանակ քննարկվել էր Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատավորը մերժել էր:
«Դու փաստ ունե՞ս իմ վրա, որ մեղադրում ես». Ծառուկյանի ու դատախազի միջև լեզվակռիվ սկսվեց