Ծովը հեղեղել է Թուրքիայի շրջանները փոթորիկներից և տեղատարափներից հետո. ԶԼՄ

Ստամբուլի «Սաբիհի Գյոքչեն» օդանավակայանում փոթորկի պատճառով չեղարկվել է չվերթերի 15 տոկոսը, չեղարկումներ և ուշացումներ են սպասվում նաև այլ օդանավակայաններում:
Sputnik
Ծովը հեղեղել է Թուրքիայի մի շարք քաղաքների շրջանները հզոր փոթորիկներից և տեղատարափներից հետո, Իզմիրում սրճարանի այցելուներին օգնության են հասել փրկարարները:
Թուրքիայի իշխանության կողմից սպառնալիքի նախավերջին «նարնջագույն» մակարդակը կիրակի հայտարարվել է 81 նահանգներից 44-ում, ևս 20 նահանգներում «դեղին» մակարդակ է հայտարարվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիրում տեղի ունեցած փոթորկի պատճառով ծովը դուրս է եկել ափերից և հեղեղել մի քանի շրջաններ, այդ թվում՝ Կենտրոնական Ալսանջակը և Կորդոնը, չեղարկվել են լաստանավերի ուղևորությունները: Սոցցանցերում տեսանյութեր հրապարակում են քաղաքի հեղեղված փողոցներից, ջրի տակ են մնացել էլեկտրական սկուտերները, մեքենաները կիսով չափ հեղեղվել են։
IHA գործակալության տվյալներով՝ կիրակի գիշերը փրկարարները ռետինե նավակով օգնության են հասել Ալսանջակի սրճարանի այցելուներին, որոնք հեղեղումների պատճառով արգելափակված էին մնացել:
Իզմիրի Մավիշեհիր շրջանում քաղաքացիներն ահազանգել են ջրհեղեղի սպառնալիքի մասին, նրանցից ոմանք փորձել են նույնիսկ ստորգետնյա կայանատեղիներից դուրս բերել ավտոմեքենաները:
Ստամբուլում ջերմաստիճանը նվազել է միանգամից 10 աստիճանով՝ հասնելով +8-ի, մի շարք շրջաններում անձրևներ են տեղում։ Ստամբուլի «Սաբիհի Գյոքչեն» օդանավակայանում փոթորկի պատճառով այսօր չեղարկվել է չվերթերի 15 տոկոսը, չեղարկումներ և ուշացումներ են սպասվում նաև այլ օդանավակայաններում: