Սևանա լճից սիգի որսն արգելվում է մինչև հունվարի 20-ը

Սևանա լիճ. Արխիվային լուսանկար
Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կազմակերպվելու են ստուգայցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սևանա լճում սիգի որսն արգելվում է մինչև 2024–ի հունվարի 20-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։ Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում։
«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ, արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։
«Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն սահմանվում, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ կտեղակայվեն հսկիչ կետեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Սևան» ազգային պարկի տարածքում նաև շուրջօրյա հերթապահություն կսահմանվի։ Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր։
Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները նաև հանդիպումներ են անցկացնելու Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ։
Գերատեսչությունից ընդգծում են՝ ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։
Կոչ են անում ՀՀ քաղաքացիներին սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը: