Երևանում արդեն 23 ապօրինի բենզալցակայան է ապամոնտաժվել

Բենզալցակայանների տարողությունները բնակելի տարածքներում պետք է լինեն ստորգետնյա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել ապօրինի կառուցված բենզալցակայանները, դրանց թիվն արդեն 23-ի է հասել։ Քաղաքապետարանի լրատվության բաժնի պատրաստած տեսանյութում նշվում է, որ դրանց մեծ մասը կառուցված են եղել համայնքային հողերի վրա։ Ուստի ապամոնտաժվում են շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և անվտանգության նորմերին չհամապատասխանող բենզալցակայանները։
«Արդեն ունենք ապամոնտաժված 23 բենզալցակայան, ընդ որում՝ վերջին 6-ը տնտեսվարողների հետ քննարկումների և փոխհամաձայնության արդյունքում իրենց սեփական միջոցներով դադարեցրել են գործունեությունն ու ապամոնտաժել լիցքավորման սարքերն ու տաղավարները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։
Բենզալցակայանների տարողությունները բնակելի տարածքներում պետք է լինեն ստորգետնյա, բնակելի և հասարակական նշանակության այլ շենք-շինություններից պետք է պահպանված լինի սահմանված միջտարածությունը՝ 25-50 մետրի սահմաններում և այլն։
Ապամոնտաժվելուց հետո տարածքները բարեկարգվում են, կանաչապատվում և վերադարձվում համայնքին։ Քաղաքապետարանը խոստանում է՝ գործընթացը շարունակվելու է, քաղաքում ապօրինի որևէ բենզալցակայան չի մնալու։