Հրանտինե Հայրիյանն Արցախից դուրս եկած վերջին երկու կանանցից մեկն է։ Նա ՆԳՆ–ի ահազանգման կենտրոնի կարգավար էր ու մինչև հոկտեմբերի 2-ը պատասխանում էր զանգերին։
Հրանտինեն կամավոր էր մնացել. որոշել էր այդպես տալ վերջին պարտքը հայրենիքին։ Մայրիկին ու որդուն խաբել էր, թե նրանց հետևից ավտոբուսով կհասնի Հայաստան, բայց երբ նրանք տեղ էին հասել, խոստովանել էր` մնում է։
«Մայրիկս զանգում էր ու լացում, իսկ տղաս ասաց` ողջ կգաս: Եկա...», – ասաց կինը։
Հրանտինեն պատմում է, որ ազդեցիկ զանգեր շատ են ստացել, իսկ վերջինը Կարմիր խաչինն էր. հայտնում էին, որ էլ զանգ չի լինի։
Պատմում է, որ ամենադժվարը Ստեփանակերտի պայթյունի օրն էր. զանգերն անհաշիվ էին, մարդիկ գոռում ու օգնությունն էին խնդրում։
«Մի աղջկա երեք եղբայրները զոհվել էին, բայց մենք չկարողացանք դա իրեն հայտնել։ Տղաները շոկի մեջ էին։ Անձրև էր, ամբողջովին թաց եկան ու լռում էին։ Հետո ասացին, որ մարդիկ այրվում էին, իսկ իրենք ոչինչ չէին կարողանում անել։ Կրակն ուժեղ էր» , – հիշեց նա։
Կարգավարը նաև պատմել է , թե ինչ է վերցրել իր տնից, որտեղ է ապրել վերջին օրերին, ինչպես է կազմակերպվել ԱԻՆ աշխատանքն ու ինչպես է Ստեփանակերտի կարոտն առնում։
Ավելի մանրամասն` «Առանց տաբուների» հաղորդաշարի տեսանյութում։