ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ԵՄ–ում օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակներում, ինչն էլ աշխարհում հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների և մահերի: Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը` հղում անելով Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության վերջին հետազոտություններին։
Դրանց համաձայն՝ ԵՄ-ում հնարավոր կլիներ խուսափել բազմահազար մահերից, եթե կախված մասնիկների կոնցենտրացիաները համապատասխանեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած կոնցենտրացիաների հետ:
«Օդի աղտոտվածության ազդեցությունն առաջացնում կամ խորացնում է որոշ հիվանդություններ, այդ թվում՝ թոքերի քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, ասթման և շաքարային դիաբեդը։ Չնայած 2005-ի համեմատ 2021 թվականին կախված մասնիկների (PM2.5) ազդեցությամբ առաջացած մահացությունների թիվը նվազել է 41%-ով, այնուամենայնիվ, օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակներում »,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցվում է, որ 2021 թվականին ԵՄ-ում օդի աղտոտվածության ազդեցությանը վերագրվում է կախված մասնիկների (PM2.5) աղտոտվածության ազդեցությամբ պայմանավորված 253 000 մահ, ազոտի երկօքսիդի աղտոտվածության ազդեցությամբ պայմանավորված 52 000 մահ և օզոնի կարճաժամկետ ազդեցությամբ պայմանավորված 22 000 մահ: