ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը
© Photo : press office of MESCS of RA
«Շատ կարևորում եմ այն նպատակները, որոնք դրված են համագործակցության հուշագրի հիմքում: Դրանք ուղղված են մեր կինոժառանգության ներկայացմանը, հայկական ֆիլմերի ցուցադրման հնարավորությունների ընդլայնմանը և դրա շրջանակում իրենց առաջին քայլերն անող երիտասարդներին խրախուսմանը»,-նշել է նախարարը։
Նա ընդգծել է, որ հուշագրով հնարավորություն է ընձեռվում առավել գործուն մասնակցություն ունենալու միջազգային կինոշուկաներում և տարբեր կինոհարթակներում, առանց որոնց հնարավոր չէ կինոյի զարգացումը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ելույթ է ունենում հուշագրի ստորագրումից հետո
© Photo : press office of MESCS of RA
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են:
Համագործակցության հուշագիրը միտված է կինոհամայնքի, այդ թվում՝ կինոգիլդիաների մասնագիտական, փորձագիտական, խորհրդատվական կարծիքի ապահովմանը նախարարության կողմից իրականացվող ծրագրերում, օրենսդրական նախաձեռնություններում: