Երևանի ձնամաքրման աշխատանքներում այս տարի կներգրավվի բազմաֆունկցիոնալ 50 նոր տեխնիկա՝ մայթերի մաքրման համար: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով` դրանք շուտով կբաժանվեն վարչական շրջաններին։ Համայնքային հիմնարկում ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Հավաքակայանում վերջին շտկումներն են արվում: Բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերապրոֆիլավորվել են:
«Շուրջ 134 միավոր բազմաֆունկցիոնալ, մասնագիտացված տեխնիկա կներգրավվի ձնամաքրման և սանիտարական մաքրման աշխատանքներում։ Աղի ու ավազի առաջին խմբաքանակը պահեստավորված է, խառնուրդի պաշարները կավելացվեն ըստ անհրաժեշտության»,–ասել է Արեյանը։
Նա ընդգել է, որ մոբիլիզացված են նաև մարդկային ռեսուրսները։ Մոտ 786 բանվոր է աշխատելու, որոնց գերակշիռ մասը` 530–ը, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատողներն են, մնացած 256–ն էլ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային հիմնարկից են։
Նշվում է, որ բազմաբնակարան շենքերի մուտքերի և հարակից տարածքների մաքրման գործում պատասխանատու են համատիրությունները, որոնց անհրաժեշտ քանակի աղ ու ավազ կտրամադրվի Երևան համայնքի կողմից։
Իսկ մայթերի մաքրության համար, Երևանի ավագանու որոշմամբ, պատասխանատու են նաև տնտեսվարողները։