ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանյան բուհերն իսկապես չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, բայց ակադեմիական քաղաք կառուցելով վիճակը չի շտկվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը` մեկնաբանելով կառավարության նիստում և քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ թեմայի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը։
«Բուհերի տեղափոխությունը քաղաքի կենտրոնից դեպի ծայրամաս, խնդրի լուծմանը չի օգնի, կարող է անգամ խնդիրներ ստեղծել, որովհետև ավելի դժվար հասանելի է լինելու, շատ մարդիկ հրաժարվելու են գնալ–գալ այդ ճանապարհը։ Այս իմաստով` բուն տեղափոխությունը խնդիրը չի լուծելու։ Հարցն այն է, թե բացի այդ շենքերից, ուրիշ ինչ ներդրումներ են արվելու։ Օրինակ` աշխատավարձերը բարձրացվեն, բուհերի հնարավորությունները մեծանան, լավ դասախոսներին հնարավորություններ տրվեն»,– ասաց փորձագետը։
Նրա դիտարկմամբ` կարևոր է նաև երկրում կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Ըստ Խաչատրյանի` Հայաստանում այսօր կրթված մարդու պահանջարկը չափազանց ցածր է, շատ ավելի բարձր է գնահատվում հավատարիմ, լոյալ մարդը, քան բարձրագույն կրթություն ստացած մասնագետը։
Ստեղծված իրավիճակում, սակայն, մեր զրուցակիցը խորհուրդ չի տալիս միայն բուհերին մեղադրել` արձանագրելով, որ տարիներ շարունակ մեր երկրում բուհերն անտեսվել են, գիտությունն ու կրթությունը` արհամարհվել, արդյունքում կրթական մակարդակն իջել է։
«Մեր բուհական համակարգն ամբողջությամբ տրվել է շուկայական տրամաբանությանը։ Բուհերին ասել են` գնացեք, ձեզ համար դիմորդ ապահովեք, վարձ վերցրեք և աշխատեք։ Այս տարիների ընթացքում պետական բոլոր հիմնարկների աշխատավարձերը բարձրացվել են, իսկ բուհերում այս հարցն էլ է թողնված բուհի հայեցողությանը։ Այնտեղ, որտեղ վարձավճարները բարձր են, ուսանողները շատ են` աշխատավարձերն ավելացվում են, մյուսներում` ոչ»,– փաստում է փորձագետը։
Ինչ վերաբերում է հայաստանյան բուհերի` միջազգային չափանիշներին չհամապատասխանելուն, Խաչատրյանը հիշեցնում է, որ ՀՀ–ում այսօր գործող ոչ մի բուհ աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկում չկա։ Եվ պատճառը, ըստ նրա, միայն կրթության որակը չէ, այլև աշխարհում կարևորություն ստացած շատ այլ գործոններ։
«Օրինակ` վերջերս համալսարանների դասակարգման մեջ կարևորվում է, թե տվյալ հաստատությունը որքանով է նպաստում կանաչ տնտեսությանը, կայուն զարգացմանը։ Այսինքն` նաև համալսարանների քաղաքացիական առաքելությունն է գնահատվում։ Բայց, իհարկե, հիմնական չափանիշն այն է, թե ովքեր են դասավանդում, նրանց մեջ Նոբելյան մրցանակակիրներ կան, թե ոչ, ինչ հոդվածների հեղինակներ են, նաև` միջազգային ուսանողների թիվը տվյալ բուհում»,– նշում է Խաչատրյանը։
Միջազգային հավատարմագրումը, Սերոբ Խաչատրյանի մեկնաբանությամբ, կօգնի, որպեսզի ՀՀ բուհերը ճանաչելի ու պահանջված դառնան արտասահմանում։ Մյուս կողմից դա թույլ կտա, որպեսզի մեր բուհերի դիպլոմներն ընդունվեն արտերկրում` անկախ միջբուհական ու միջպետական պայմանագրերի առկայությունից։
Բայց միջազգային հավաստագիր ստանալը, ինչպես մեր զրուցակիցն է ասում, այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պարգայում, որ մեր բուհերի ֆինանսավորման 80 տոկոսն ապահովվում է ուսանողների վճարած ուսման վարձերի հաշվին։ Խաչատրյանը հիշեցնում է, որ գործընթացը հաջողության հասցնելու համար պետությունն էլ պետք է մեծացնի բարձրագույն կրթության մեջ արվող ներդրումները։ Բացի այդ, աշխարհի լավագույն բուհերը մեծ աջակցություն են ստանում իրենց հաջողված շրջանավարտներից, որոնք տարբեր նվիրատվությունների միջոցով իրենց շնորհակալությունն են հայտնում կրթօջախին` ստացած կրթության ու դրա շնորհիվ իրենց գրանցած հաջողությունների համար։
Հայաստանում այս ավանդույթը ևս ձևավորված չէ։ Սերոբ Խաչատրյանն արձանագրում է, որ ՀՀ–ում հաջողության հասած անհատներն իրենց հաջողություններն ավելի շատ վերագրում են իրենց հմտություններին, կապերին, ծանոթություններին ու աշխատասիրությանը, քան բուհին ու բուհից ստացած գիտելիքներին։
Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին կառավարության նիստում և նոյեմբերի 24-ին քաղաքացիների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունում չկա ո՛չ հայկական, ո՛չ միջազգային, ո՛չ մասնավոր որևէ բուհ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Նրա խոսքով` եթե ՀՀ–ն հայտարարի բուհերի լիցենզավորման և հավատարմագրման մասին, ապա առանց բացառության Հայաստանի բոլոր բուհերը պետք է փակվեն։
Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը միջնաժամկետ հեռանկարում մտադիր է ՀՀ բոլոր բուհերը տեղափոխել ակադեմիական քաղաք, իսկ կրթության զարգացման ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թ.–ն երկրում պետք է գործի մինչև 8 պետական բուհ, որոնց ամբողջ ծախսը պետք է հոգա ՀՀ կառավարությունը՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան։