ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, որոնց մեկնարկը տրվելու է 2024 թվականի հունվարին: Այս մասին հայտարարվել է այսօր Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների ցանկը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Նախատեսվում է միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես և այլն: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը՝ 2024թ-ի հունվարի 9-ին:
Մտքեր են փոխանակվել միջոցառումների ժամանակացույցին, ձևաչափերին առնչվող մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Հիշեցնենք` հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին։ Հոբելյանական հանձնաժողովը պետք է քառամսյա ժամկետում մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Հանժնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Կազմում են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ, ԱՆ ու ԱԳՆ փոխնախարարներ։