ՀՀ–ն կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել. ԵԱՏՄ–ի շրջանակում քվոտա է սահմանվել

Էլեկտրամոբիլ
Հայաստանում ակնհայտ է էլեկտրամոբիլների ներմուծման աճը, ինչպես նաև դրանց սպասարկման ոլորտի զարգացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը 2024-25 թվականներին կկարողանա առանց մաքսատուրքի 8 հազարական էլեկտրամոբիլ ներմուծել։ Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` Մոսկվայում կայացած հերթական նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նշենք, որ էլեկտրամոբիլների (ավելի ճիշտ` էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների, այսինքն՝ նաև էլեկտրական մոտոցիկլետների) առանց տուրքի ներմուծման քվոտան Հայաստանը ստացել էր 2022 թվականին 7 հազարի հաշվով։ 2023-ին քվոտան ավելացվել էր մինչև 8 հազար։ Այդ քվոտաները Հայաստանն ամբողջությամբ չի սպառել․ 2022-ին ներկրվել է մոտ 2 680 էլեկտրամոբիլ, իսկ 2023-ի սկզբից` գրեթե 4 500։
Միևնույն ժամանակ ներմուծման աճն ակնհայտ է, ինչպես նաև դրանց սպասարկման ոլորտի զարգացումը (հանրապետությունում սկսել են արտադրվել էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ)։
ԵՏՀ Խորհրդի որոշմամբ` մինչև 2025 թվականի ավարտը էլեկտրամոբիլների առանց տուրքի ներմուծումը հաստատվել է ԵԱՏՄ բոլոր երկրների համար, բացի Ռուսաստանից:
Միության մյուս չորս երկրներ ներկրված ավտոմեքենաները հարկվելու են, եթե վաճառվեն ՌԴ քաղաքացիների կամ ռեզիդենտների:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը առանց մաքսատուրքի ներմուծումից հրաժարվել է սեփական արտադրությունը զարգացնելու համար։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ ապագայում կկարողանա ապահովել էլեկտրամոբիլների պահանջարկը թե՛ իր, թե՛ ԵԱՏՄ երկրների համար, իսկ արտադրությունը նախատեսվում է տարածել նաև միության մյուս երկրներում: