ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ը ոչ թե Հայաստանի գործընկերն է, այլ դաշնակիցը, իսկ գործընկերը ՆԱՏՕ-ն ու այն երկրներն են, որոնք չեն մտնում ՀԱՊԿ-ի մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններին։
Սարգսյանի խոսքով` դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե միայն լեզվով։
«Դաշնակիցը նրա համար չէ, որ քո փոխարեն կռվի, այլ, որ անհրաժեշտության պարագայում և հնարավորությունների սահմաններում օժանդակի։ Բայց դա միակողմանի չի կարող լինել։ Դու էլ անհրաժեշտության դեպքում իրեն պետք է օժանդակես եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղեր քվեարկությամբ, վերաբերմունքով և այլն»,–ասաց նա։
Երրորդ նախագահն ընդգծում է` երեսուն տարի շարունակ նույն դաշնակիցն իր պարտականությունները կատարում էր, և եթե այսօր խնդիրներ կան, պետք է պարզել դրա սկզբնաղբյուրը։
«Մենք աշխատելու ձևը գիտեինք, մենք համարվում էինք իրական դաշնակից, մենք անհրաժեշտության պարագայում միջազգային ատյաններում չէինք քաշվում որևէ մեկից և քվեարկում էինք այնպես, ինչպես մեզ է ձեռնտու, այլ ոչ թե այնպես, ինչպես ուրիշներին դուր կգար։ Ես որևէ նպատակ չունեմ ՀԱՊԿ–ին կամ որոշում ընդունողներին արդարացնելու։ Լավ, ենթադրենք` ՀԱՊԿ–ը վատն է , «քըխ» է, իսկ ո՞վ էլ լավը»,–ասաց երրորդ նախագահը։
Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։ Հայկական կողմը չմասնակցեց նաև նոյեմբերի 22–ին և 23-ին Մինսկում կայացած նիստերին։