Արմինե Ճաղարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ռաֆտինգի ընկերության տնօրենին

ՔԿ–ն հայտնում է, որ նավարկելուց առաջ անվտանգության հրահանգավորումներ չի անցկացրել, ռաֆտից օգտվելու անվտանգության գծով գիտելիքների ստուգում և հրահանգավորում չի կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Դեբեդ գետում հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ քրեական հետապնդում է սկսվել և մեղադրանք ներկայացվել ռաֆտինգ կազմակերպած ընկերության տնօրենին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆտինգի ծառայություն, որպես ռաֆտի թիմի անդամներ՝ ներգրավել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձ՝ հրահանգիչ։
«Արմինե Ճաղարյանին նավարկելուց առաջ ռաֆտինգի անվտանգության հրահանգների պահանջներին առնչվող հարցերով սահմանված կարգով գրավոր ուսուցում և հրահանգավորումներ չի անցկացրել, ռաֆտից օգտվելու հրահանգների պահանջների վերաբերյալ անվտանգության գծով գիտելիքների ստուգում և հրահանգավորում չի կատարել»,– ասված է հաղորդագրությունում;
Մեղադրանքն առաջադրվել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 9-ին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ է դարձել։ Նա Դեբեդ գետում նավակով նկարահանումներ իրականացնելիս գետն է ընկել։
Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ տուժողի մահվան պատճառ է հանդիսացել է շնչառական ուղիները հեղուկով փակվելու՝ ջրահեղձման հետևանքով մեխանիկական շնչահեղձությունը: