ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Տավուշի մարզում անկլավների հարցը կա։ Այս մասին նա հայտարարեց ուղիղ երթերում` պատասխանելով Տավուշի մարզի բնակիչներից մեկի հարցին։
Քաղաքացին շեշտեց, որ շատ է քննարկվում անկլավների հանձնման հարցը, ինչն տավուշցիներին շատ է անհանգստացնում և անորոշության մեջ է պահում։
«Ես բազմիցս խոսել եմ այս հարցի մասին, անկլավների հարց, այո՛, կա՛։ Երբ ասում ենք` Հայաստանի 29.800 ք/կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավներ/անկլավները, որոնք Խորհրդային Միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին։ ՀՀ 29.800 ք/կմ–ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է` շրջափակված խորհրդային Ադրբեջանի տարածքով»,– ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց` Հայաստանն Արծվաշենի հետ անմիջական սահման չունի, Ադրբեջանն էլ ունի նույն խնդիրը։ Այս հարցերին հնարավոր է այլ լուծումներ գտնել, օրինակ` այն էքսկլավ/անկլավները, որոնք պարփակված են ՀՀ տարածքով, դե յուրե համարվում է ՀՀ տարածք, իսկ նրանք, որոնք Ադրբեջանի տարածքով են պարփակված, համարվում են այդ երկրի տարածք։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքներից մեկը, ՀՀ վարչապետի խոսքով, երկու երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելն է ԽՍՀՄ քարտեզներով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։