Վորոնեժում Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել, որը կասկածվում է Ռուսաստանի զինված ուժերի բարձրաստիճան սպայի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ մամուլի ծառայությանը։
«Կանխվել է Ուկրաինայի քաղաքացու (1995 թվականին ծնված) հակաիրավական գործունեությունը, որը մասնակցել է ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ Վորոնեժում բարձրաստիճան զինծառայողի նկատմամբ դիվերսիոն-ահաբեկչական գործողության նախապատրաստմանը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածից առգրավել են ավելի քան մեկ կիլոգրամ տրոտիլային համարժեքով ինքնաշեն պայթուցիկ սարք՝ խոցող տարրերով, երկու էլեկտրադետոնատոր, սարքը ռադիոալիքով ակտիվացնելու մեխանիզմ, ինչպես նաև ռուսական կեղծ անձնագիր, որի միջոցով նա պատրաստվում էր հանցագործությունից հետո դուրս գալ երկրից:
Գերատեսչության տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերին Խարկովի մարզում տղամարդուն հավաքագրել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, որից հետո նա վերապատրաստման դասընթաց է անցել և մեկնել Ռուսաստան։ Նշվում է, որ համակարգողները նրան հանձնարարել ենպարզել ռուս զինվորականի բնակության հասցեն և սպանել նրան պայթուցիկ սարք տեղադրելու և պայթեցնելու միջոցով:
Ծպտվելու համար կասկածյալն օգտագործել է սննդի առաքման ծառայություններից մեկի հեծանիվն ու արտահագուստը։
ԱԴԾ-ի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ տղամարդուն ձերբակալել են, նա խոստովանական ցուցմունքներ է տվել Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին:
Վորոնեժի մարզի ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել կազմակերպված խմբի կազմում պայթուցիկ նյութերի ապօրինի պահման հոդվածով (ՌԴ ՔՕ 222.1 հոդվածի չորրորդ մաս): Գերատեսչությունում հավելել են, որ գործը պատրաստվում են վերաորակավորել որպես ահաբեկչության նախապատրաստում (ՌԴ ՔՕ 30 և 205 հոդվածներ):