Տրոցենկոն վաճառել է բաժնեմասը․ ԶՊՄԿ-ի նկատմամբ միջազգային որևէ պատժամիջոց կիրառելի չէ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. Արխիվային լուսանկար
Հոկտեմբերի 27-ին Գլեբ Տրոցենկոն օտարել է իրեն պատկանող բաժնեմասը, և նրա ու ընկերության միջև այլևս որևէ հարաբերություն առկա չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ միջազգային որևէ պատժամիջոց կիրառելի չէ․ գործարար Գլեբ Տրոցենկոն այլևս ընկերության բաժնետեր չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել ԶՊՄԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հերթական ընդլայնումն ազդել է նաև գործարար Գլեբ Տրոցենկոյի վրա։ Տրոցենկոների ընտանիքին պատկանում էր ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60 տոկոսը։
«Նախկինում ընկերության իրական շահառու Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով: Ներկայում պարոն Տրոցենկոյի և ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ»,- գրել է Մարգարյանը։
Նշվում է, որ հայտարարության տարածման օրվա դրությամբ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուներն ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ Տրոցենկոյի բաժնեմասը ձեռք է բերել Սվետլանա Երշովան։