ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել ՀՀ–ում հավատարմագրված` Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպանների հարցերին և ներկայացրել է ՀՀ կառավարության տեսակետները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:
Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին երեկ ընդունել էին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իսկ այսօր` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։