ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է բոլոր հնարավորություններն օգտագործի տարածաշրջանում իր առավելություններն օգտագործելու համար։ Այս մասին Գյումրիում հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնության համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նրա խոսքով` Հայաստանում կան ընկերություններ, որոնք Իրաքի հետ արդեն իսկ ձևավորված հարաբերություններ ունեն, աշխատում են։ Մյուս կողմից՝ հայ–իրաքյան համագործակցության խնդիրն է բացահայտել, թե երկու կողմերն էլ ինչի կարիք ունեն, ինչով կարող են իրար օգնել։
«Մենք Իրաքի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ պետք է հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ ազատ այցելեն երկու երկրներ։ Մենք պետք է հնարավորություն ունենանք ուղիղ թռիչք ունենալ, որը մոտ 1 ժամ 10 րոպե է տևում, իսկ տարանցիկ թռիչքը՝ 6-8 ժամ։ Բիզնեսի համար մեծ նշանակություն ունի հենց այդ մոտիկությունը։ Մենք իրավունք չունենք մեր երկրի առավելությունները չօգտագործել»,–ասաց ՀՀ նախագահը։
Նրա խոսքով` Հայաստանը շատ դեպքում փնտրում է հաջողություններ այնտեղ, որտեղ չենք էլ կարող դրանք լինել և չի տեսնում հաջողություններ այնտեղ, որտեղ իսկապես կարող են ունենալ։
Այս պահվածը ՀՀ նախագահին հիշեցնում է Հովհաննես Թումանյանի հայտնի «Անխելք մարդը» հեքիաթը։
«Մեր մոտեցումները շատ դեպքում նման է այդ հեքիաթին։ Մենք ունենք բարեկամական երկիր հանձինս Իրաքի, որտեղ մարդկային առումով որևէ խնդիր չունենք, այնտեղ պատրաստ են մեզ ընդունել, լսել, համագործակցել։ Մենք, չգիտես ինչու, մի կողմ ենք թողել այս հանգամանքը և հաջողություն ուրիշ տեղ ենք փնտրում»,–ասաց նա։
Խաչատուրյանն ընդգծեց, որ պետք է սերտացնել գործարար շրջանակների միջև կապերը։