ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունները օպերատիվ կերպով համաձայնեցնում էին քաղաքական և ռազմական ու ռազմավարական արդիական հարցերի, տարածաշրջանային և միջազգային օրակարգի սուր խնդիրների շուրջ իրենց դիրքորոշումները։ Այս մասին Մինսկում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ե՛վ ԱԳՆ, և՛ պաշտպանության նախարարությունների և անվտանգության խորհուրդների, խորհրդարանների գծով արդյունավետ փոխգործակցության շնորհիվ օպերատիվ կերպով համաձայնեցվում էին դիրքորոշումները քաղաքական և ռազմական ու ռազմավարական արդիական հարցերի, տարածաշրջանային և միջազգային օրակարգի սուր խնդիրների շուրջ», – ասել է Պուտինը։
Ինչպես նշել է ՌԴ առաջնորդը, կարևոր է, որ այս տարի զարգացան նաև «բնական գործընկերների»` ՇՀԿ–ի և ԱՊՀ–ի հետ ՀԱՊԿ–ի շփումները։
Նա առանձնակի նշել է ՀԱՊԿ արագ տեղակայման և օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, ավիացիոն և խաղաղապահ ուժերի կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերը։
«Մի շարք միջոցառումներ են անցկացվել ՀԱՊԿ երկրների մարտունակությունը պահպանելու, կառավարման համակարգը բարելավելու և զինվորական կադրերի պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ», – ասել է ՌԴ նախագահը։
Նա հայտարարել է, որ համագործակցությունն ամրապնդվում է նաև ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունների գծով։
«Հետևողականորեն ամրապնդվում է համագործակցությունը հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների գծով։ Մասնավորապես, շարունակվել է ՀԱՊԿ–ի «Վարձկան» օպերացիայի անցկացումը, որն ուղղված է հավաքագրումը կանխելուն ու միջազգային ահաբեկչական խմբավորումների գործունեությանը մասնակցելու նպատակով մեր երկրների քաղաքացիների մեկնման ճանապարհների արգելափակմանը», – ասել է Պուտինը։
Նա անդրադարձել է նաև կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ համակարգող խորհրդի գործունեությանը, նշելով, որ այդ կառույցի ուշադրության կենտրոնում են կենսաբանական զենքի մշակման և կիրառման հետ կապված սպառնալիքների կանխման, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և բժշկական պաշտպանության ապահովման հարցերը։
«Խորհրդի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում», – ասել է Պուտինը։
ՀԱՊԿ երկրների ընդհանուր պատմության հետ կապված հիշարժան օրերի մասին խոսելիս ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ պետություններն ըստ արժանվույն կնշեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, Բելառուսի ազատագրման 80-ամյակն ու Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակը։
ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել Մինսկում այսօր կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին։