ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին կամրջի վրա պայթած ավտոմեքենան մոտ 300 հազար դոլար արժեր, ղեկին եղել է Նյու Յորքից մի գործարար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի ցերեկը Նիագարայի ջրվեժի վերևի սահմանային կամրջի վրա, որտեղ, նախնական տվյալներով, երկու մարդ է մահացել ավտոմեքենայի պայթյունի հետևանքով:
«Պարզվել է, որ մեքենան 300 հազար դոլար արժողությամբ սուպերքար է եղել, որը վարում էր Նյու Յորքից մի գործարար»,-նշում է պարբերականը։
Խոսքը Bentley Flying Spur մոդելի մասին է։
Պարբերականի տվյալներով՝ 56-ամյա գործարարը իր կնոջ հետ է եղել մեքենայում։ Դեպքից առաջ նրանք մտել են Seneca Niagara խաղատուն, սակայն ընդամենը մի քանի րոպե են մնացել այնտեղ։
«Մենք համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ միջադեպի հետաքննության հարցում․․․ Մենք ստուգել և տեղեկատվություն ենք տրամադրել այն տրանսպորտային միջոցի վերաբերյալ, որը կանգնեցվել է Seneca Niagara Resort & Casino-ի մոտ արտակարգ պատահարից ընդամենը մի քանի րոպե առաջ»,-պարբերականին հայտնել է խաղատան ներկայացուցիչը:
Աղբյուրները թերթին հայտնել են, որ գործարարը և նրա կինը կազինոյի մշտական այցելուներ չեն եղել և, հնարավոր է, հանգստավայրում մտել են գումար փոխանակելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտարարել էր, որ ԱՄՆ-Կանադայի կամրջին տեղի ունեցած միջադեպի և ահաբեկչության միջև կապ չի գտել և դեպքի վայրում պայթուցիկ նյութեր չի հայտնաբերել: ՀԴԲ-ում հավելել էին, որ հատուկ ծառայությունն ավարտել է հետաքննությունը և միջադեպի մասին գործը փոխանցել տեղի ոստիկանությանը՝ որպես ճանապարհային պատահար։