ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ հարցեր է քննարկել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ընդգծել է Հայաստանի Հանրապետության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարևորությունը։
«Այս նախագծի իրականացումը մեծ առավելություն կբերի այն ընդգրկող երկրներին, այդ թվում՝ Իրաքին՝ հաշվի առնելով Հայաստանից Իրաք թռիչքների կարճ տևողությունը»,–ասել է Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ նախագիծը տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:
Նշենք, որ կայացել է նաև Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը։
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իրաքյան պատվիրակությունը՝ Իրաքի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամմադ Հուսեյն Բահր Ալ-Ուլումը:
Քննարկվել են հայ-իրաքյան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և մերձավորարևելյան տարածաշրջանի համար այս համատեքստում ստեղծվող հնարավորություններին։
Հիշեցնենք` Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։