ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ օգտվում է իր առավելությունից և մտադիր է հնարավորինս շատ զիջումներ կորզել հակառակորդից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Նշենք, որ ադրբեջանական կողմը Հայաստանին պարբերաբար մեղադրում է խաղաղության գործընթացի ձգձգման, ոչ կառուցողական դիրքորոշում ունենալու մեջ, մինչդեռ հենց Ադրբեջանն է տարածքային նկրտումներ հնչեցնում` հայտարարելով «ՀՀ–ի կողմից օկուպացված 8 ադրբեջանական գյուղի» մասին։ Բաքվի հռետորաբանությունն ուղեկցվում է ռազմական ակտիվ գնումներով։ Օրերս հայտնի դարձավ, որ վերսկսվել են զենքի մատակարարումները Իսրայելից։
Դեմոյանի կարծիքով` Ադրբեջանի պահվածքը լիովին համապատասխանում է հաղթող կողմի տրամաբանությանը, որն ունի ռազմական, ռազմատեխնիկական, տնտեսական առավելություններ։
«...Չէ՞ որ Հայաստանը ժամանակին ռազմավարական սխալ թույլ տվեց՝ չկապիտալիզացնելով առաջին պատերազմում արձանագրած իր հաղթանակը և փոշիացնելով այդ հաղթանակի ռազմաքաղաքական պտուղները։ Արդյունքում դա հանգեցրեց բանակցությունների սեղանի շուրջ «ոչ-ոքիի» և սկիզբ դրեց անպտուղ, իսկ հետագայում նաև Հայաստանի համար ծանր հետևանքների վերածված գործընթացի»,- ասաց Դեմոյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը փորձում է գնալ այլ ճանապարհով, և քանի դեռ Հայաստանից առավելագույն զիջումներ ստանալու հնարավորություն կա, նա չի հրաժարվի ճնշումներից։ Հենց այդ պատճառով էլ Բաքուն կարող է իրեն ցանկացած մանիպուլյացիա թույլ տալ բանակցություններում, մեղադրել Երևանին ապակառուցողական դիրքորոշման մեջ, պահանջել «8 ադրբեջանական գյուղ», այսպես կոչված անկլավներ Տավուշում և այլն: Քանի դեռ Ադրբեջանը համարում է, որ կարող է Հայաստանից այլ բան ստանալ, նա շահագրգռված չի լինի, որ խաղաղության պայմանագիր կնքվի։
Դեմոյանի կարծիքով` այս ամենի ֆոնին հայկական կողմի դիրքորոշումն անմեղսունակ է թվում։ Իշխանությունն անվերջ խոսում է խաղաղության օրակարգի մասին, տարածքների վերաբերյալ ինչ-որ թվեր հնչեցնում, հույս հայտնում, որ խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի։ Հայկական կողմը Ադրբեջանի դեմ տեղեկատվական և քարոզչական որևէ միջոց չի կիրառում։
«Բաքուն իր ռազմական ագրեսիան ակտիվորեն «նոսրացնում» է տեղեկատվական գրոհներով, Հայաստանն այդ հարցում գրեթե անգործության է մատնված, իշխանության կողմից հակազդելու որևէ խնդիր չի դրվում»,- նկատեց Դեմոյանը:
Նրա խոսքով` տեղեկատվական պատերազմի գործիքների կիրառումից հրաժարվելն ի վերջո կասկածի տակ է դնում ռազմական և ռազմատեխնիկական գործիքների արդյունավետությունը: Ստացվում է` որքան էլ Հայաստանը զինվի, որքան էլ բարեփոխի բանակը, այդ ամենը կիսատ–պռատ բնույթ է ունենալու՝ առանց տեղեկատվական պայքարի բաղադրիչի։