ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2023 թվականի 9 ամիսներին կազմել են 1 տրիլիոն 708,5 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 4,25 մլրդ դոլար), ծախսերը՝ 1 տրիլիոն 633,9 մլրդ դրամ (4,06 մլրդ դոլար)։ Այսպիսով բյուջեում արձանագրվել է 74.5 մլրդ դրամի (մոտ 185 մլն դոլար) հավելուրդ։ Այս մասին նշվում է ֆինանսների նախարարության պետբյուջեի 9 ամսվա կատարողականում:
Պաշտպանություն, Հյուսիս-հարավ և գիտություն
Տարվա ճշտված պլանի համեմատ բյուջեի եկամուտները փոքր-ինչ գերակատարվել են (1,5%-ով), սակայն ծախսերը զգալիորեն թերակատարվել են (15,4%-ով), հատկապես կապիտալ շինարարության (ենթակառուցվածքների և հասարակական շենքերի) գծով: Այստեղ 9 ամսվա ծրագիրը թերակատարվել է 41,1%-ով: Հիմնականում թերացումներ են արձանագրվել պաշտպանության նախարարության ենթակայության շինարարության գծով՝ գրեթե 40%-ով, իսկ Հյուսիս-հարավ միջպետական մայրուղու գծով՝ գրեթե 75%-ով։
Կապիտալ ծախսերի ծավալը 2022 թվականի համեմատ աճել է մոտ մեկ երրորդով, բայց, այնուամենայնիվ, շեղվել է ծրագրից, որն ամեն տարի զգալիորեն գերազանցում է իրական ցուցանիշները։
Կառավարությունն ընդհանուր առմամբ փորձել է ժամանակին վճարել թոշակներն ու նպաստները (թերակատարումը կազմել է ընդամենը 3 տոկոս), սակայն հետ է ընկել պետգնումներով (գրեթե 16 տոկոսով) և, ինչպես նշվեց, կապիտալ ծախսերով։ Բացի այդ, գրեթե 35 տոկոսով թերակատարվել է գիտական հետազոտությունների ծրագիրը։
Ռուսաստանի գործոնը բյուջեի մուտքերի մեջ
Պետբյուջեի եկամուտների մոտ 31 տոկոսն ապահովվել է ԱԱՀ-ի հաշվին։ Այստեղ զգալիորեն (27,5%-ով) գերակատարվել են երրորդ երկրներից ներմուծման գծով մուտքերը, որոնք այժմ կազմում են այդ հարկատեսակի ամբողջ մուտքերի գրեթե 70%-ը։ Դա պայմանավորված է Ռուսաստանի հետ Հայաստանի միջնորդ առևտրի աճով։
Եկամուտների առումով երկրորդ տեղը (մոտ 24%) զբաղեցնում է եկամտային հարկը, որի մուտքերն աճել են 16%-ով՝ պայմանավորված օտարերկրյա աշխատուժի զգալի ներհոսքով, այդ թվում՝ ռուսաստանցի ռելոկանտներով, որոնց զգալի մասը բարձր աշխատավարձ է ստանումև համապատասխանաբար բարձր հարկեր է վճարում։ Մուտքերի ընդհանուր աճ է արձանագրվել նույնիսկ այն դեպքում, երբ հարկերի զգալի մասը վերադարձվել է հիփոթեքի տոկոսների դիմաց՝ 37,5 մլրդ դրամ (մոտ 93 մլն դոլար), կամ 45 տոկոսով ավել, քան 2022 թվականի 9 ամիսներին։
Ակցիզային հարկի մուտքերը գերակատարվել են 12 տոկոսով, շահութահարկինը՝ 44 տոկոսով։
Ավելի քան կիսով չափ (55%) թերակատարվել է արտասահմանյան դրամաշնորհների ստացումը։ Դրանք հիմնականում կապված են վարկերի հետ, որոնց մեծ մասն էլ իր հերթին վերցված են կապիտալ ծախսերի համար (որոնք, ինչպես նշեցինք, խիստ թերակատարվել են)։
«Քնած» փող
Գրեթե 65%-ով ավելացել են հարկերի և տուրքերի հետ չկապված եկամուտները։ Դա հիմնականում տեղի է ունեցել այն տոկոսների հաշվին, որոնք «նստել են» բյուջեի ազատ եկամուտների վրա, որոնք «պարապ են մնացել» ծախսերի թերակատարման պատճառով և դրված են բանկերում ավանդների տեսքով։ Այս տոկոսային եկամուտները սկսեցին զգալի մասնաբաժին ունենալ ընդհանուր բյուջետային եկամուտներում (2%):
Մաքսատուրքերի մուտքերը գերակատարվել են գրեթե 60%-ով՝ հիմնականում Ռուսաստանից փոխանցված տուրքերի հաշվին (այն ապրանքների մասով, որոնք միջնորդական առևտրի շրջանակում երրորդ երկրներից Հայաստանի միջոցով ՌԴ են հասնում)։
Հանքեր
Գրեթե 40%-ով նվազել են բնապահպանության և բնօգտագործման վճարների մուտքերը, հիմնականում մետաղական հանքաքարերի արդյունահանման տուրքի դրույքաչափի նվազեցման հաշվին: