ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան– ինստիտուտ հիմնադրամը։
Իրաքի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի թանգարան
Նշվում է, որ Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Իրաքի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Իրաքի նախագահը գրառում է կատարել հուշամատյանում
«Հաստատում ենք, որ Հայոց ցեղասպանությունը մեր նոր ժամանակների առաջին ցեղասպանությունն է, որն ընկած է 1944 թ. «ցեղասպանություն» տերմինի ստեղծման հիմքում: Այն բարբարոսական միջոց էր հայ ժողովրդին բնաջնջելու խաղաղության և կամ պատերազմի ժամանակ: Դատապարտում ենք որևէ ժողովրդի ցեղասպանության ենթարկելու փորձերը և շեշտում ենք մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: Հավիտենական հանգստություն զոհերի հոգիներին և զարգացում Հայաստանին»,– գրել է նա։
Իրաքի նախագահը եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդում
Վերջում պարոն Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդը հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի: