ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբեր – Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ռուսաստանից 40 տոննա մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռը:
«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռը
© Sputnik / Aram Nersesyan
Մարդասիրական օգնությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին։
ՌԴ–ից ուղարկված 40 տոննա մարդասիրական բեռն արդեն Երևանում է
© Sputnik / Aram Nersesyan
Օգնությունը, որը ներառում է սնունդ, վերմակներ և շարժական էլեկտրակայան, Հայաստան է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով և ՌԴ կառավարության հանձնարարությամբ:
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 40 տոննա մարդասիրական բեռը ներառում է այն, ինչ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անհրաժեշտ է Հայաստանում հաստատվելու համար:
«ՀՀ կառավարության նախանշած ցանկից ելնելով ենք ձևավորվել այդ մարդասիրական օգնությունը», -ասաց նա:
Դեսպանի խոսքով` սա հայ և ռուս ժողովուրդների ու երկրների միջև համերաշխության նշան է շատ բարդ ժամանակաշրջանում։
Սերգեյ Կոպիրկին
© Sputnik / Aram Nersesyan
Կոպիրկինն ընդգծեց, որ բացի այս բեռից, ԼՂ–ից տեղահանված անձանց համար օգնություն են ուղարկել նաև ՌԴ հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, այդ թվում` «Ռոսսոտրուդնիչեստվոն»:
«Վստահ եմ, որ դա կշարունակվի ՝ ելնելով առկա կարիքներից։ Մեզ համար կարևոր է, որ լուծվեն այն խնդիրները, որոնց բախվում են բռնի տեղահանվածները։ Մենք սերտորեն կապված ենք միմյանց հետ։ Սրանք նաև մեր՝ ռուսներիս խնդիրներն են»,– հավելեց նա։
Հիշեցնենք` ավելի վաղ «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ն Հայաստան էր ուղարկել 6 տոննա սննդամթերք՝ 500 մթերային հավաքածու, 500 փաթեթ անձնական հիգիենայի փաթեթ, կենցաղային քիմիկատներ։
Բացի այդ, ՌՄԱ–ն Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հետ համատեղ ցուցաբերում է բարոյական և հոգեբանական աջակցություն։ Իսկ «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամն ավելի քան 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։