Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստան–Իրաք տնտեսական կապերը կխորանան

ՀՀ վարչապետն ու Իրաքի նախագահն անդրադարձել են տնտեսության, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրային պաշարների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Իրաքի նախագահի Հայաստան այցից հետո այդ երկրի հետ տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա: Այս մասին նա ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանն ու Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս այցի արդյունքներով ՀՀ–ի և Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ այցերն ավելի հաճախակի կդառնան։
Իրաքի Հանրապետության նախագահն էլ իր խոսքում կարևորել է Իրաքի հայ համայնքի դերը։ Նա նշել է, որ համայնքը հնագույն պատմություն ունի։
«Խոսքը գնում է մոտ 10 հազար տարվա մասին: Իրաքի ժողովուրդը մեծ օգուտներ է քաղել հայ բնակչությունից, որոնց թվում են բժիշկներ, գիտնականներ, տարբեր ոլորտների մասնագետներ»,– ասել է նա։
ՀՀ վարչապետը և Իրաքի նախագահը քննարկել են տնտեսության, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրային պաշարների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ու Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Նշենք, որ Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի այցը պատմական է, քանի որ նա Իրաքի առաջին նախագահն է, որ այցելում է Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Նա արդեն հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ու այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։