Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագիծն ամբողջովին պատրաստ է. Երևանի քաղաքապետ

Տիգրան Ավինյանի խոսքով` այն բոլոր քննարկումները, որոնք վերաբերել են մետրոյի կայարանին, արդեն մոտենում են իրականացման փուլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի «Աջափնյակ» կայարանի նախագիծն ամբողջապես պատրաստ է։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հիմա այն անցնում է փորձաքննությունների փուլը։ Այն բոլոր քննարկումները, որոնք վերաբերել են մետրոյի կայարանին` վերջապես արդեն մոտենում են իրականացման փուլին, հիմա էլ արդեն նախընտրական շրջան չի, խոստումներ չենք տալիս, ուղղակի ամեն ինչ ձեր աչքի առջև տեղի կունենա», - ասաց Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 100 մլն դրամ։
Կայարանը տեղակայված է լինելու «Թումո» կենտրոնի մայթին` Հալաբյան– Աբելյան փողոցների խաչմերուկում։ Շինարարությունն իրականացվելու է բաց տարածքում, փորվածքն արվելու է վերևից, ինչը նկատելի նվազեցնելու է շինարարության ոչ միայն բարդությունը, այլև ֆինանսական արժեքը։