Երևանի բնակիչներին այսօր վաղ առավոտից տհաճ անակնկալ էր սպասվում` հսկայական խցանումների և փակ փողոցների տեսքով։ Աշխատանքի շտապող քաղաքացիները անակնկալի են եկել` տեսնելով խաչմերուկներում կանգնած պարեկներին, որոնք փակել էին ճանապարհները։
Այս իրավիճակը տևել է ընդհանուր առմամբ մոտ կես ժամ, բայց 1 միլիոնանոց քաղաքի համար նման ժամանակահատվածը լիովին բավարար է, որ հայտնվի իրական կոլապսի մեջ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ իրավիճակը պայմանավորված է եղել Իրաքի նախագահի այցի հետ կապված արարողակարգային միջոցառումներով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
Աբդուլ Լատիֆ Ռաշիդը ժամանել է Երևան երեկ երեկոյան, այսօր էլ ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի հետ բանակցություններ են լինելու։ Իրաքի նախագահը նաև մի շարք վայրեր պետք է այցելի։ Ամենայն հավանականությամբ, հենց սա էլ դարձել է մեծ խցանումների պատճառ։ Մարդիկ անգամ հասարակական տրանսպորտից իջել են և ոտքով ճանապարհ ընկել։
Հաղթանակի կամրջի մոտ գտնվող խաչմերուկում ուշագրավ իրավիճակի ականատես է դարձել Sputnik Արմենիայի թղթակիցը։ Ինչ–որ պահի, բավականին նյարդայնացած վարորդներից մեկը մոտեցել է ոստիկաններին և բարձրաձայն պահանջներ ներկայացրել ճանապարհը փակելու առնչությամբ։ Նրանք պատասխանել են, որ երթևեկությունը կվերսկսվի հաշված րոպեներ անց։ Արդյունքում ոստիկանները ստիպված են եղել սահմանափակել նաև հետիոտների շարժը։ Որոշ ժամանակ անց այդ հատվածով անցել է նախագահի ավտոշարասյունը։
Իրաքի ղեկավարի մեքենան ուղեկցել են մոտոցիկլավարները, իսկ շարասյունը եզրափակել է շտապօգնության մեքենան։
Արտասահմանյան առաջնորդներն առաջին անգամ չեն այցելում Երևան, սակայն չեն եղել դեպքեր, որ այլ երկրի նախագահի շարքային տեղաշարժը քաղաքի մի հատվածն ամբողջությամբ կաթվածահար անի։