Հոգեմետ դեղահաբեր վաճառելու պատճառով դեղատների լիցենզիաներ են կասեցվել

Անհատ ձեռնարկատերեր Ն.Ա.-ի և Մ.Դ.-ի վերոնշյալ գործունեությունը քողարկվել է դեղատնային գործունեության անվան տակ, իսկ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղահաբերը պահվել են դեղատներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Երևանում մի քանի դեղատների գործունեություն է կասեցվել հոգեմետ դեղահաբեր վաճառելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Գլխավոր դատախազությունը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ուսումնասիրել է քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող մի շարք քրեական վարույթներ:
Քրեական վարույթներից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Մ.Դ.-ն, ունենալով դեղատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա, Երևան քաղաքում գործող երկու դեղատներում ապօրինի ձեռք է բերել և պահել 1,8 գրամ քաշով «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 12 դեղահաբ, որոնք ապօրինի վաճառել է Վ.Գ.-ին ու Մ.Շ.-ին:
Մեկ այլ քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Ն.Ա.-ն, ունենալով դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա, Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում գործող դեղատանը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով՝ 6,9 գրամ քաշով «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 23 դեղահաբ:
Կառավարությունը կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշման նախագիծը կասեցնելու հարցը
Վերոնշյալ քրեական վարույթների նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Ն.Ա.-ն և Մ.Դ.-ն իրենց ապօրինի գործունեությունը քողարկել են դեղատնային գործունեության անվան տակ, իսկ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղահաբերը պահվել են դեղատներում:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ա.-ի և Մ.Դ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Մ.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը, իսկ Ն.Ա.-ի նկատմամբ կիրառված է տնային կալանք և բացակայելու արգելք:
Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին միջնորդագրեր է ներկայացրել առողջապահության նախարարություն՝ վերոնշյալ դեղատների գործունեության կասեցման հարցը քննարկելու նպատակով:
2023 թվականի նոյեմբերի 15-ին առողջապահության նախարարության Լինցենզավորման հանձնաժողովի որոշմամբ կասեցվել են Ն.Ա.-ին և Մ.Դ.-ին տրված լիցենզիաների գործողությունները: