ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Այս մասին Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նա նշեց, որ բանակցությունների ընթացքում իրաքցի գործընկերոջը ներկայացրել է «խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, որն ուղղված է հարևանների հետ բոլոր հաղորդակցությունների վերականգնմանը: ՀՀ նախագահը շեշտեց, որ ծրագիրը թույլ կտա մի կողմից կապ ապահովել Մերձավոր Արևելքի և Ասիայի, մյուս կողմից՝ Եվրոպայի և Եվրասիայի շուկաների միջև։
«Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ՝ հարգելով պետական ինքնիշխանությունը, իրավազորությունը և փոխադարձության սկզբունքները։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ բացել այդ կոմունիկացիաները, ինչն իր հերթին կապահովի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- ասաց Խաչատուրյանը։
ՀՀ նախագահը Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ բանակցությունների ընթացքում նաև անդրադարձել է միջազգային ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում 2 երկրի փոխգործակցությանը։