Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրել է Իրաք

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իրաքի Հանրապետության նախագահին
Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Իրաքի իշխանություններին` հայ համայնքի նկատմամբ հոգածության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդին, հայտնում են Մայր աթոռից։
Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Իրաքի իշխանություններին` համայնքի և նրա ազգային-հոգևոր կյանքի նկատմամբ հոգածու ուշադրության համար։
«Հանդիպմանը հայոց հովվապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ու ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով արցախահայությունը ենթարկվեց բռնի տեղահանության, ներկայացրեց երկրի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդը տեղեկացրել է, որ իր պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։ Նա գոհունակությամբ ընդգծել է, որ Իրաքի հայ համայնքը ևս իր կարևոր մասնակցությունն է բերում երկրի առաջընթացի կերտման գործում։
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստան–Իրաք տնտեսական կապերը կխորանան
Ջամալ Ռաշիդը հաստատել է, որ Իրաքի իշխանությունները հետևողական ջանքեր են գործադրում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությունը և նրանց իրավունքների պաշտպանությունը։
Նախագահ Լատիֆ Ջամալ Ռաշիդն Ամենայն հայոց հայրապետին հրավիրել է Իրաք։
Նշենք, որ Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի այցը պատմական է, քանի որ նա Իրաքի առաջին նախագահն է, որ այցելում է Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Նա արդեն հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ու այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։