Ուելսի հավաքականի 16 երկրպագուների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՆԳՆ

Խուլիգանության մեջ կասկածվող անձանց տրվել են դատաբժշկական փորձաքննության անցկացման ուղեգրեր. նրանք ազատ են արձակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի 16 երկրպագուների նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Նոյեմբերի 18-ի գիշերը նրանք խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության կենտրոնական բաժին։ Նրանցից 15–ն Ուելսի, 1-ը` Նոր Գվինեայի քաղաքացիներ են եղել։

«Պարզվել է, որ Պուշկինի փողոցի 43 հասցեի մոտ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև ծագել է վիճաբանություն: Նրանք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև այդ ամենը շարունակել են Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում»,– ասված է հաղորդագրությունում։

Sputnik Արմենիայի թղթակցին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալված երկրպագուներն արդեն ազատ են արձակվել։ Նրանց հետ անցկացվել են քննչական միջոցառումներ, տրվել են դատաբժշկական փորձաքննության անցկացման ուղեգրեր։
«Եվս 16 անձ ոգելից խմիչքի ազդեցության տակ հասարակական վայրում երևալու հիմքով ձերբակալվել, տարվել են բաժին, այնուհետև ազատ են արձակվել»,– ասվում է հաղորդագրությունում։
ՀՀ ՆԳՆ–ից հայտնում են նաև, որ միջադեպի մասնակիցները տեղի ունեցածի մասին լրատվամիջոցներով տարածել են տեղեկություններ, որոնց զգալի մասը չի համապատասխանել իրականությանը։
Հիշեցնենք` ընտրական D խմբում նոյեմբերի 18-ին մեր ընտրանին սեփական հարկի տակ ընդունեց Ուելսի հավաքականին, խաղն ավարտվեց ոչ–ոքի` 1։1 հաշվով։